Wednesday, 23 July 2014

ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՆ


Վերջերս ատենախոսությունների պաշտպանական գործընթացին և որակին կարծես սկսվեց առավել լուրջ ուշադրություն դարձվել: Կտրուկ աճեց ՀՀ ԲՈՀ-ի կողմից կրկնական պաշտպանության ուղարկված ատենախոսությունների քանակը, կատարվեցին մասնագիտական ծածկագրերի վերանայումներ: Սակայն, չեմ կարծում, որ այդ կոսմետիկ հնարքներով կբարձրացնենք ատենախոսությունների որակը, քանի որ չափազանց հեռու ենք կանգնած հետբուհական կրթական իրատեսական համակարգից և դեռևս լուրջ բարեփոխումների չեն գնում:



Ատենախոսությունների որակի ապահովման հիմնախնդրի լուծմանը խոչընդոտում է դեռևս Խորհրդային Միությունից ժառանգած ասպիրանտական կրթությունը, որի հիմնական խնդիրը անցյալում հետազոտական թեզերի պաշտպանությունն էր: Սակայն, ներկայիս միջազգային պրակտիկայում դոկտորանտուրան որակյալ ատենախոսություններից առավել արժևորում է որակյալ մասնագ¬ետների պատրաստումը, որոնք գիտություն չեն զարգացնաում “հանուն գիտության” և գիտական նորույթները չեն թողնում “թղթի” վրա: Դոկտո¬րանտուրայի շրջանավարտը պետք է սովորի այնպիսի ուսումնական ծրագրով, որը հետազոտական մասից բացի պարունակի ուսումնական կրթաբլոկ` ամրագրված ակադեմիական կրեդիտներով: Ներկայումս հանրապետությունում այդ գործընթացը կյանքի է կոչվել, սակայն իմ կարծիքով` զուտ ձևական, և ոչ թե բովանդակային առումով:
Բոլոնյան գործընթացի շրջանակում ընդունված Զալսբուրգյան սկզբունքները հտսակ նախանշում են, որ հետբուհական կրթության շրջանավարտը պետք է ունենա աշխատաշուկայի պահանջարկին հարիր հմտություններ, կարողանա կամրջել գի¬տությունը տնտեսության հետ, գործարար աշխարհում վաճառահանել գիտական մշակումները, ապահովել իր կարերիան ոչ թե դոկտորի կամ թեկնածուի դիպլոմով, այլ հետագա գիտագործնական շարունակական գործունեության արդյունքներով:
Ցավոք մեր իրականությունում պատկերն այլ է: Ատենախոսությունների գործնական թիրախավորումները հիմնականում ձևական են, և արդյունքում գիտական նորույթները չեն ծառայում տնտեսությանը և մնում են թղթի վրա: Այդ հարցում, առաջին հերթին հենց ատենախոսն է պասիվ դիրքորոշում ունենում, քանի որ իր հետազոտության բուն նպա¬տակն է համարում գիտական աստիճանաշնորհման դիպլոմի ձեռքբերումը, և ոչ ավելին: Եվ ստացվում է այնպես, որ թեզի պաշտպանությունից հետո, որպես կանոն, կամ լիովին ընդհատվում է ասպիրանտի գիտական գործունեությունը, կամ էլ գիտության բնագավառում նախկին հետազոտողները պասիվ կեցվածք են ընդունում` համարելով իրենց գործն ավարտված թեզի պաշտպանությամբ և հետամուտ չլինելով գիտական մշակումների ներդրմամբ:
Ստեղծված իրավիճակին նպաստում է նաև այն հանգամանքը, որ հետբուհական կրթության տարիներին ասպիրանտների հետազոտությունները հիմնականում գիտական պրոյոկտներից դուրս են մնում, որպես կանոն, բացակայում է  թիմային հե¬տազոտական աշխատանքը, անգործունակ է դառնում հետազոտողի շարժունության համա¬կարգը,  բուհերը չեն համարվում լուրջ հետազոտական կենտրոններ և պատվերներ չեն ստանում գործարար աշխարհից: Մեր իրականությանը հակառակ, արևմուտ¬քում դոկտորանտուրան առաջին հերթին ենթադրում է գործարար աշխարհից  թեմատիկ պատվերների իրականացում, երբ հետազոտողը գիտական թեմա է ընտրում ոչ թե հանուն աստիճանաշնորհման` այլ գիտության առաջընթացի: Արդյունքում  գրվում է որակյալ ատենախոսություն, որի արդիականությունը և գիտագործնական նշանակությունը արդեն իսկ համոզիչ են դառնում թեմատիկ աշխատանքների պատվիրատուի տեսանկյունից, որոնք վճարում ու ձեռք են բերում են գիտական մշակումները և ներդնում տնտեսության ոլորտ:
Ուրեմն ժամանկն է, որ  մեր դոկտորանտուրան հրաժարվի ասպիրանտական կրթության ավանդույթներից և թևակոխի Բոլոնյան գործընթացի բարեփոխումների փուլ, որը ենթադրում է միջբուհական միացյալ դոկտորական ծրագրերի իրա¬կանացում, գործարար աշխարհի հետ սերտ համագործակցություն, հետազոտողների շարժունություն գիտական նվաճումների վաճա¬ռահանում, ակադեմիական ազատությունների ընդլայնում, աստիճանաշնորհում ստացած անձանց գիտական գործունեության չընդհատվող հետագծի առկայություն: Եվ հետևաբար,  տեղին է հաշվի առնել այն կարգախոսը, ըստ որի, “դոկտո¬րանտուրայում որակյալ հետազոտական թեզերից առավել կարևոր է որակյալ հե¬տազոտողների պատրաստումը”:

No comments:

Post a Comment